National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.04.2023
Իռլանդիայի խորհրդարանում ձեւավորվել է Իռլանդիա-Հայաստան բարեկամական խումբը
1 / 5

Լիահույս եմ, որ երկու բարեկամական խմբերի համագործակցությունը առարկայական ներդրում կունենա Իռլանդիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության ընդլայնման եւ խորացման գործում: Կարծում եմ` մեր օրենսդիր մարմինների միջեւ երկխոսությունը կարեւոր քայլ է երկկողմ օրակարգի զարգացման եւ իրականացման ուղղությամբ: Մենք կարող ենք նաեւ նոր շերտեր եւ ուղղություններ ավելացնել այս օրակարգին, ինչը ես ամենաարժեքավորն եմ համարում խորհրդարանական բարեկամական խմբերի եւ խորհրդարանական դիվանագիտության գործունեության շրջանակներում. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Իռլանդիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը` Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծման հեռավար հանդիպման ժամանակ:

Բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցության մեխանիզմների դերը տարբեր միջազգային միջխորհրդարանական հարթակներում, ինչպիսիք են ԵԱՀԿ, ՆԱՏՕ, ԵԽ խորհրդարանական վեհաժողովները եւ ՀՀ ԱԺ անունից իր երախտագիտությունն է հայտնել Իռլանդիայի խորհրդարանին` միջազգային հարթակներում Հայաստանի համար չափազանց դժվարին ժամանակներում աջակցելու համար: Անդրադառնալով մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակին` պատգամավորը նշել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանների շուրջ ստեղծված ճգնաժամը դեռեւս լուծված չէ, եւ իրավիճակը պարբերաբար սրվում է Ադրբեջանի սադրանքների հետեւանքով: «Հայաստանը ձգտում է խաղաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար եւ հավատարիմ է հակամարտությունը բացառապես բանակցությունների միջոցով լուծելու գործընթացին»,- ասել է բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը:

Նա բարձր է գնահատել ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի Հանրապետությունում, որը վճռորոշ դեր է խաղում անվտանգության եւ տարածաշրջանի կայունության ապահովման գործում:

Ողջունելով հայ գործընկերներին` նորաստեղծ Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Պատրիկ Կոստելլոն կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցությունը եւ առաջարկել ընտրել ոլորտներ, որոնց շրջանակում էլ  կզարգացվեն հարաբերությունները:

«Կարծում եմ` մեր բարեկամական խմբի ձեւավորումը եւ համագործակցությունը հայ գործընկերների հետ կնպաստեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործին»,- ասել է նա:

Անդրադառնալով մեր երկրի բարեփոխումներին` Մերի Գալստյանը նշել է, որ չնայած առկա բոլոր մարտահրավերներին` Հայաստանը հաստատակամորեն առաջ է շարժվում իր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով, մի շարք առանցքային ուղղություններով, որոնցից են օրենքի գերակայության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատաիրավական եւ տնտեսական բարեփոխումները, շրջակա միջավայրի պահպանությունն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգը, որոնք նաեւ շեշտադրված են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության (ՀԸԳՀ)  համաձայնագրում: «Ես այստեղ տեսնում եմ ներուժ մեր խորհրդարանների միջեւ համագործակցության նոր հարթակ ստեղծելու առումով եւ թույլ տվեք առաջարկել ՀԸԳՀ-ն ավելացնել որպես մեր առաջիկա հանդիպումների երկկողմ օրակարգի քննարկման առարկա»,- ասել է պատգամավորը:

ԱԺ Հայաստան-Իռլանդիա բարեկամական խմբի անդամները կարեւորել են միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցությունը` ընդգծելով, որ բարեկամական խմբերն իրենց զգալի նպաստը կբերեն Հայաստանի եւ Իռլանդիայի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության եւ շփումների ակտիվացմանը: Նշվել է, որ նման համագործակցությունը հնարավորություն կտա ծանոթանալու երկու երկրներում ընթացող գործընթացներին, կազմակերպել քննարկումներ տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ:

Հայ խորհրդարանականները ներկայացրել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք բարձր են գնահատել Իռլանդիայի հստակ դիրքորոշումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումներին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի, մասնավորապես, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման վերաբերյալ:

Իռլանդիացի պատգամավորների խոսքով նրանք հարցի առնչությամբ գրավոր կդիմեն իրենց երկրի ԱԳ նախարարություն:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանն ու Իռլանդիան ունեն քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ, պատմության ողբերգական էջեր, նույնակունք քրիստոնեական արժեհամակարգ, աշխարհասփյուռ համայնքների գոյություն: Իռլանդացի գործընկերները կարեւորել են Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ նշել, որ դա կնպաստի ապագայում նոր ցեղասպանությունները կանխելուն:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Իռլանդիա բարեկամական խմբի անդամներ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am